My eduBlog…..











{August 13, 2014}   Անվերնագիր…

Ձմեռ էր ու ձյուն…Սիրում էի նայել պատուհանից դուրս, հիանալ: Թուղթ ու գրիչ վերցրի ձեռքս, նստեցի, նայեցի պատուհանից դուրս ու գրեցի իմ առաջին բանաստեղծությունը: Ավելի ճիշտ այդ ժամանակ էի մտածում բանաստեղծությունը, բայց իրականում, ինչպես հետո հասկացա`ոտանավորը.
Ձյուն ջա’ն, ձյուն,
Մեր սիրելի’ ձյուն,
Բե’ր մեզ խաղեր բազում-բազում,
Բե’ր մեզ տաղեր սիրուն-սիրուն:
Ձյուն ջա’ն,ձյու’ն, Մեր ապակուն դու նկարի’ր
Սիրուն-սիրուն դու նախշեր:
ՄԱՍ I Փոքր տարիքում չեմ հաճախել ո’չ մանկապարտեզ, ո’չ քոլեջ: Տատիկս սովորացնում էր տարբեր բանաստեղծություններ: Սիրում էի հատկապես Շիրազի <>-ն ու Իսահակյանի <>-ը: Երբ արտասանում էի, օգտագործում էի իմ ողջ դերասանական տաղանդը, որն այդ ժամանակ հրաշքներ էր գործում: Սակայն դերասանական տաղանդը բխում էր ոգուց. այն ժամանակ ոգի ունեի: Առաջին դասարանում Արամիկի արկածները, ինչպես է Անին իր ընտանիքի հետ բերք հավաքում և նկատում խխունջիկին կամ` ինչպես է Իզաբելլա Խանզրատյանը դառնում աջլիկ և սովորում հայոց այբուբենը, ստիպեցին Իզաբելլային քնեցնել իր ոգուն: Եվ ահա երկրորդ դասարանում, մի մռայլ օր(սա լավ իմաստով հասկացեք, քանզի պաշտում եմ մռայլ եղանակը), այցելեց իմ մուսան: Գրեցի իմ առաջին բանաստեղծությունը(ոտանավորը),կարդացի, ներքին ջերմություն, ոգևորվածություն զգացի և որոշեցի, որ դեռ շատ բաներ եմ գրելու: Մտածում էի դառնալ Իսահակյանի պես հայտնի (փոքր տարիքից պաշտել եմ Իսահակյանին): Ավա~ղ… Շատ բաներ դարձան իմ տնային աշխատանքները, շարադրությունները: Անցան տարիները…Յոթերորդ դասարանում հայոց լեզվի ուսուցչուհին հանձնարարեց գրել կա’մ հարցազրույց որևէ Մեծի հետ (Թումանյան,Իսահակյան…) կա’մ հորինել պատմվածք, և մտքումս ընտրելով երկրորդ տարբերակը`սկսեցի աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ կարիք չկա պատմելու ամբողջական սյուժեն,այլ ասեմ,որ պատմվածքը գրել էի հեղինակի մանկության պատմությունից և վերջում հեղինակի`Աիդայի եղբորը խեղդել էի իմ պատմվածքում: Հաշվի առնելով, որ մեր ուսուցչուհին շատ բծախնդիր էր և ամեն մանրուք հաշվի էր առնում, անհամբեր սպասում էի գնահատականին(և’ թվանշանի առումով, և’ պատմվածքի, քանզի իմ կատարած աշխատանքից գոհ էի, պատմվածքը դուր էր եկել նաև դասընկերներիս): Ահա եկավ կարևոր պահը. –Իզա, էս ինչ էիր գրել,մարմնովս սարսուռ անցավ…Հրաշալի է, իսկապես հրաշալի: Պատմվածքն ազդեցություն է ունեցել: Ընկերուհիներիցս մեկը խնդրեց, որ մի պատմվածք էլ իր համար գրեմ: Սա էլ բախտի, անցյալի, ներկայի խառնուրդ էր և ահա. «Ապրե’ս *****,շատ լավն էր, շատ լավ էիր գրել»: Ինձ համար մեկ էր, թե ով է ստանում այդ ապրեսը, ուրախ էի, որ իմ պատմվածքներն արժանացան նման գնահատականի: Հիշեցի վաղեմի երազանք-ցանկությանս մասին: Սակայն… ՄԱՍ II Իմ մանկությունն ու դեռահասությունը (հիմնականում մինչև 13 տարեկան) այլ կերպ է դասավորվել: Դա էլ իմ ճակատագիրն է: Դեռևս նախադպրոցական տարիքում արել եմ այնպիսի մի բան, որի համար զղջում եմ առայսօր ու որը փոխել է իմ կյանքը: Շատ հաճախ եմ ասում` երկրագնդի ոչ մի երեխա,իմ տարիքում նման բան չի արել: Երբեմն ինձ հարց եմ տալիս. կցանկանայի վերադառնալ անցյալ ու փոխել: Ճիշտ է. խիղճս տանջում է, երբեմն հոգեկան հանգիստս խանգարվում է, բայց ոչ, չէի փոխի, որովհետև այդ սխալն ու դրան հաջորդող դեպքերն իմ ուսուցիչներն են (թե ինչ սխալ եմ արել, կարծում եմ` հասարակայնորեն կարիք չկա ասելու): Եվ այսպես. այդ սխալից հետո սկսվեցին իմ արկածները: Այդ տարիքից սկսած ունեցել եմ և’ շատ լուսավոր կետեր, և’ շատ մութ: Վստահաբար կարող եմ ասել, որ ունեմ կյանքի փորձ: Մարդկային բազմաժանր հարաբերություններ, ծաղր, կեղծիք,սուտ, մեղադրանք, զղջում, ընկերություն, դավաճանություն, մարդու շահագործում, երջանկություն, անկեղծություն, պարսավանք, մատնում, հավատ երազանքին, հավատ սեփական ուժերի հանդեպ, սեր կյանքի հանդեպ,ատելություն, վրեժ, նպատակասլացություն, չարություն, բարություն, օգնություն, վախ, սարսափ, վախի ու սարսափի հաղթահարում, խիղճ. Մենք կարդում ենք սրանց մասին գրքերում, վերլուծում, քննադատում, որակավորում լավն ու վատը, բայց այս բառերն ինձ այնքա~ն հարազատ են,այնքա~ն հարազատ…
ՄԱՍ III Երբ եկա կրթահամալիր, տասնչորս տարեկան էի: Դուք շատ եք լսել. «Կրթահամալիրը փոխել է իմ կյանքը»: Սակայն իմ կյանքը կրթահամալիրը փրկել է: Եվ այսպես… Առաջին տարին ինձ համար հետաքրքիր էր, նոր միջավայր, ընկերներ, ուսուցիչներ, դասավանդման նոր մեթոդներ, արկածներ, հետաքրքրաշարժ դեպքեր: Երկրորդ տարին, հենց այն տարին է, որն ինձ համար փրկություն էր: Ուսումնական տարվա սկզբից մեծ հույսեր ունեի և դրանք իրականացան: Վերլուծություններ, ստեղծագործություններ, էմոցիաներ…Ամեն ինչ խճճված էր, նույնիսկ` ես: Գրականության ժամին, երբ որևէ ստեղծագործություն էի կարդում ու պետք է արտահայտեի իմ սեփական կարծիքը, մի փոքր տատանվում էի, շփոթվում, խառնվում: Սիրում եմ ընթերցանությունը, գրքերը, բայց երբեք չէի առանձնացնում մտքերն ու վերլուծում, որովհետև կարդալու ընթացքում մեխանիկորեն այդ ամենը պատկերացնում էի: Բայց եկավ այն պահը, որ համակարգչի առաջ նստած պետք էի գրեի իմ սեփական կարծիքը, միտքը…Ու այն էլ Ակուտագավա… Բայց ինչպես ասում են` Էշը ցեխից հանեցի կամ այլ կերպ ասած`իմպրովիզացիա: Հարցարանին պատասխանեցի,անցավ-գնաց (Օր.` Ձեզ սարսափելի է թվում: Դատարկ բան. Տղամարդուն սպանելը հասարակ գործ է: Երբ ցանկանում են կնոջը տիրել, տղամարդուն միշտ սպանում են: Միայն թե ես սպանում եմ սրով, որ գոտուս տակ է, իսկ ահա դուք` ոչ մեկդ, չեք ապավինում սրին, սպանում եք իշխանությամբ, փողով, իսկ երբեմն էլ` շողոքորթ բառերով: Ճիշտ է, այդ դեպքում արյուն չի թափվում, տղամարդը մնում է կենդանի, բայց համենայնդեպս, դուք նրան սպանում եք: Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր` ձերը, թե իմը, ով գիտե»: Գրավոր մտորի՛ր այս տողերի շուրջ: Այստեղ մեծ գործոնը դարձյալ պատկանում է ազգային մտածելակերպին: Եվ որքան էլ դաժան թվամ, այնուամենայնիվ գտնում եմ որ նրա խոսքերն արժանի են ինչ-որ չափով հարգանքի: Իհարկե չեմ արդարացնում մարդասպանությունը, բայց ավելի լավ է որևէ բան անել առերես, քան շողոքորթելով, իշխանությունը գործի դնելով: Մարդուն բարոյապես ոչնչացնելն ավելի սարսափելի է, քան ֆիզիկապեսը: Այդ պարագայում գուցե արյուն չի թափվում, բայց մարդը խաղում է մարդու հետ: Ավազակն իր՝ «Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր` ձերը, թե իմը, ով գիտե» նախադասությամբ, փորձում է ասել, որ ավելի լավ է լինել ավազակ, այլ ոչ թե «ազնիվ» իշխանավոր:) Գրելու ընթացքում հասկանում էի, որ մի բան մեջս արթնանում է, մտորելու տեղիք է տալիս: Անցան ամիսներ: Այդ ամիսների ընթացքում դարձյալ կար ստեղծագործություն-վերլուծություն կապը: Դրան գումարվում էր նաև այն, որ վերլուծությունը գրում էի իմ անցյալի օգնությամբ: Երբ երկրորդ մասում նշում էի բառերի մի ամբողջ շարք, այդ ամենի միջով անցել եմ ու հենց դա էր օգնում գրել վերլուծություններս, արտահայտել իմ կարծիքը: Երբ խոսում էին նպատակների, երազանքների մասին, հասկանում էի, թե ինչերի միջով եմ անցել, թե նպատակասլացությունն ինչպես կարող է լինել, ինչ ես զգում, երբ հասնում ես նպատակիդ, ինչ չպետք է անել և շատ այլ բաներ, որոնք զգացել էի իմ կյանքի «Նպատակ» բաժնում: Խոսում էի ոչ միայն հերոսի, գրողի տեսանկյունից, այլև ավելացնում էի իմ կյանքը, իմ էմոցիաները, որոնք թույլ էին տալիս հասկանալու գրվածքի իմաստը: Քիչ-քիչ զգում էի, որ հոգի եմ դնում, որ սկսել եմ հասկանալ իմ կյանքի շղթան և թե ինչ հետևանքներ է այդ ամենն ունեցել: Վերլուծություններիս «բարելավման» հետ միասին, քանդում էի իմ խճճված թելերը, գտնում ու հավաքում իմ կտրտված մասնիկները, վերջիվերջո հասկանում, թե ով է իրական Իզան: Իմ կյանքի պատմություններն ու դասերը խմբավորում էի, գտնում ինքս ինձ: Երբ տասնմեկերորդ դասարանն ավարտում էի, զգում էի իմ փոփոխությունը, զգում, որ առաջ պետք է նայել, որ այն ամենն ինչ արել եմ, իմ մասնիկն է , այն ամենն ինչ զգում ու մտածում եմ`ես եմ, որ այն գաղափարները, որոնք իմ մեջ ձևավորվել են իրական են ու արդիական, որ պետք է իմ փորձն օգտագործեմ ապագայում շատ մարդկանց կյանքը փրկելու, օգնելու համար: Այլ բառերով իմ տեքստերը, վերլուծությունները վերադարձրին իմ ոգին, սակայն ոչ ժամանակավոր, այլ հիմնական: Տասներկուերորդ դասարանում իմ գրվածքները քիչ են եղել, սակայն տանը շարունակել եմ գրել, գրել պատմություններ, ստեղծագործություններ, ավելացնել ոգի: Կրթահամալիրում գտել եմ ինձ, զգացել եմ թե ինչպես եմ սիրում գրել,ինչպես է իմ խոսքը ժամանակի հետ ուղղվում, ինչպես եմ իմ մտքերն արտահայտում: Իմ գրած վերլուծություններից ամենաշատը սիրում եմ Մանոն Լեսկոն(մի փոքր հատված… Ասպետ Դե Գրիյոն՝ մի երիտասարդ, ով ուներ բազմաթիվ նպատակներ, ցանկություններ, մոռանում է ամեն ինչի ու բոլորի մասին, երբ տեսնում է գեղեցկուհի Մանոնին: Աղջիկը ցականալով փրկվել միանձնուհի դառնալու «ծանր ու ձանձրալի պարտականությունից», համաձայնվում է փախչել Գրիյոյի հետ: Ստեղծագործության մեջ Գրիյոյի կերպարը դասական էր ինձ համար. ո՛չ զարմացրեց, ո՛չ էլ հիասթափեցրեց: Սակայն Մանոնի կերպարն իրոք անմոռանալի էր: Աղջիկ-կին, ով սիրում է հաճույքներ,վայելքներ, ում համար փողն արժեք չունի, բայց առանց դրա նա չի պատկերացնում իր կյանքը, չէ՞ որ ցանկացած հաճույք իր գինն ուներ: Նա դավաճանեց Գրիյոյին մի քանի շաբաթ անց: Արդեն տարօրինակ չէր, երբ մատնեց ամուսնուն: Մի քանի տարի անց նորից միացան…Դարձյալ դավաճանություն…Նորից…և նորից… Գրիյոն հանդուրժում էր, ավելին՝ նա նույնիսկ սկսեց համագործակցել Մանոնի և նրա եղբոր հետ…Փորձեցին կողոպտել, որը նրանց հանգիստ կյանքի և տանջանքների սկիզբն էր: Մանոնի կերպարն իրոք հակասական էր: Առաջին դավաճանությունից և մատնումից հետո՝ սկսել էի կարծել,որ պատմվածքն անբարոյականի և երիտասարդ կործանվող տղայի մասին է: Բայց մի քանի էջ կարդալուց հետո ավելի լարվեցի. հասարակ սյուժե չէր…Հետաքրքրությունս ստիպեց ավելի արագ կարդալ: Ավարտելուց հետո հասկացա,որ Մանոնն անբարոյական չէր, այլ ուղղակի խենթուկ, հոգով դեռ ոչ հասուն կին… Կյանքն իսկապես անկախատեսելի և անակնկալներով լի է, երբեք չենք կարող գուշակել ավարտը… ) Այնուամենայնիվ վստահաբար կարող եմ ասել, որ դեռ սովորելու և աշխատելու շատ տեղ ունեմ…Իմ ոգին դեռ պետք է ամբողջապես ձուլվի ինձ…



{May 12, 2014}   Double Way…

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
 Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
 Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Անց են կենում տարիները, մարդիկ,օրերն ու ժամերը։ Ի՞սկ հիշողությունները․․․Երևան ենք վերադառնում։ Ակամայից հիշողությունների ու մտածմունքների մի կույտ հավաքվեց մտքումս։ Նայում եմ ճանապարհին, նայում եմ ընկերներիս, ու սկսում է մի բան ինձ խեղդել։ Ինչ լավ օր էր երեկ, ինչ լավ ակնթարթներ ու հիանալի պահեր՝համեմված զանազան զգացմունքներով։ Ի՞սկ այսօր։ Այսօր էլ ավելի ուրախ ու հետաքրքիր էր՝համեմված մարդկային վեհ հատկանիշներով։ Այժմ թողել ենք ամեն ինչ՝ և՛ Նոյեմբերյանը, և՛ խարույկը, և՛ Սանահինն ու Հաղպատը, և՛ Հաղարծինը, և՛ ծանոթ ու անծանոթ մարդկանց, և՛ մշուշոտ Ալավերդին, և՛ գիշերային խաղերն ու խենթությունները․ շատ բան ենք թողել։ Առավոտ էր, երբ շարժվեցինք։ Ճանապարհն էլ ոչ պակաս հագեցած էր։ Ծիծաղում էինք, կատակում, ուսումնասիրում, սովորում։ Ակամայից սկսում ես գիտակցել, թե ինչքան թելերով ենք միմյանց կապված, ինչքան ընդհանուր հիշողություններով և որքան ենք առանձնանալու, որքան մեծ է  ծանոթ «անծանոթներ» դառնալու հավանականությունը, անկախ մեր ցանկություններից, քանզի բոլորս էլ ունենք մեր ճանապարհը, որն անկախ ամեն ինչից պետք է կառուցվի։ Վաղ թե ուշ կարոտով ենք հիշելու, թե ինչպես  էինք լավ ժամանակ անցկացնում տղաների վառած խարույկի շուրջ։ Հիշելու ենք՝ ինչպես շնորհավորցինք Մամիկոնին, քանզի տասնյոթը կատակ տարիք չէ․ սիրում եմ կրկնել վերջին անչափահաս տարիք։ Երազանքների պատի փորձությունն հաղթահարելու մեր ջանքերն արդեն ժպիտ են առաջացնում դեմքիս։ Միաձայն ու բոլորից շուտ ցանկանում էինք հասնել «ցանկալիին»։ Ընդհանրապես արդյունաբերական քաղաքները,որտեղ տեղակայված են տարբեր գործարաններ,երկնքում գալարվում է ծուխը, երևում են քանդված ու ջարդված շենքերը, ակամայից մռայլ,տխուր,բայց նաև հետաքրքիր կերպար ենImage ստեղծում։ Ալավերդին շատ է հետաքրքրել ինձ։ Իսկ ճոպանուղուց դիտել մռայլ,խորհրդավոր քաղաքը և միաժամանակ չքնաղ բնությունը, չգիտեմ որքանով է տարօրիանակ, այնուամենայնիվ հաճույք պատճառեց։ Ջերմ ընդունելությունն էլ կրկնապատկեց այդ ու նախորդող օրվա ամբողջական պատկերն ու էմոցիաները։ Ինչ էլ լինի ապագայում,անկախ ամեն ինչից կհիշեմ այն մարդկանց, ովքեր ճանապարհ են ընկել ինձ հետ, ովքեր եղել, կան ու կլինեն իմ խենթ հիշողությունների մի մասնիկը։ Ուրախ եմ,որ հենց այս ճանապարհորդությունը դարձավ իմ աշակերտական վերջին երկարատև, բացօթյա ճամփորդությունը։։



ImageImageImageImageImageImageImage



         

  1.  Գետի ակունք=2800մ

  Գետաբերան=850մ

  Երկ.=180մ

   Անկում-?

   Թեքություն-?

Լուծում

 

  1. Գետի անկումը հավասար  է գետի ակունքի ու գետաբերանի բացարձակ բարձրությունների տարբերությանը=>2800-850=1950
  2. Թեքություն=անկում/երկարություն=>1950/180=10.8

 

 

2․ Տրված է՝

    Մասշտաբ-1։400.000

    A—B=120 կմ

  Երկ. քարտեզի վրա-?

Լուծում

120կմ=12000000սմ

12000000/4000000=3սմ

 

 

  1. Մուսոններ

Պարբերական, սեզոնային քամիներ են, որոնք փոխում են իրենց ուղղությունը` ամառը ծովից դեպի ցամաք, իսկ ձմռանը` ցամաքից ծով։

Մուսսոնները բավականին հզոր օդային հոսանքներ են, որոնք առաջանում են ծովի և ցամաքի անհավասարաչափ տաքացումից, փոխում են իրենց ուղղությունը՝հիմնավորված սեզոնային ճմշման կենտրոնների տեղաշարժերի հետ։ Վերջիններս էլ ամռանը շարժվում են ծովից ցամաք, իսկ ձմռանը՝ցամաքից ծով։

4.Օվկիանոսի ափ-1000մ

 C=160 C

4500մ-XC

Լուծում

4500-(1000մ-6)

4×1000+500=4×6+3=27

16-27=-11

 

5.Մարսել-Սանկտ-Պետերբուրգ

Մ.-Լիոնի ծոց->Միջերկրական ծով->Ջիբլաթարի նեղուց->Ատլանտյան օվկիանոս->Հյուսիսային ծով->Սկագեռակ նեղուց->Կատեգատ նեղուց->Բալթիկ ծով-Ֆիննական ծոց-Ս.-Պ.



 

<<Նաիրի>> երկրանունն առաջին անգամ հիշատակված է Ք.ա. XIII դ. առաջին կեսին Ասորեստանի Սալմանասար I թագավորի կողմից։ Այդ անվան տակ միավորված էին Վանա լճի շրջանը և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունները, ուր ապրում էին դաշնային հիմքունքներով միավորած բազմաթիվ իշխանությունները։  Ասուրական աղբյուրներում դրանք բոլորը կոչվում են <<երկրներ>>։ Նաիրյան  երկրները և դրանց 40 առաջնորդները, որոնք ասորեստանյան արձանագրություններում անվանված են <<թագավորներ>>, հիշատակվում են  Սալմանասար I-ից հետո։ Թիգլաթպալասար I-ը Նաիրին անվանում է <<ընդարձակ, հպատակություն չճանաչող և անծանոթ երկիր>>։ Ասորեստանյան արքաների արձանագրություններում հիշատակվում են Նաիրիի <<մեծամեծ քաղաքները>>, <<նրանց հարստությունը>>, <<բազմաթիվ ձիերի, ջորիների, երինջների երամակները և նրանց երկրագործական անթիվ ունեցվածքը>>, որոնք խոսում են այդ շրջանում երկրի հզորության և հարստության մասին։                                                             Ասորեստանյան արձանագրություններից տեղեկանում ենք,որ երկու դար անց չորս խոշոր արշավանք է կատարվել Նաիրի երկրի դեմ, ընդ որում, այստեղ խոսվում է մեկ միասնական երկիր-պետության մասին։ Հիշատակվում են <<Նաիրի երկրում 250 քաղաք՝իրենց զորավոր պարիսպներով>>…                                                                                                                                  Նարիրին որպես մեկ միասնական պետություն է հիշատակվում նաև Սալմանասար III-ի(Ք.ա. IX դ.) արձանագրություններում։ Ինչպես գիտենք Սարդուրի III-ը(Ք.ա. մոտ 825-810թթ.), ով հիմնադրել է Տուշպա Վանը Ք.ա. 830-ական թթ., ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մեկ անգամ՝Ք.ա. 833թ.,վերը նշված Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ։ Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝Տիգրիսի վերին հովտում։                                                                                                                                              Ցանկալի է նշել, որ ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում՝Նաիրի  և Բիայնիլի։ Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ իսկ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն։ Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Այրարատյան թագավորություն>> անվամբ։ Ք.ա. մոտ 825թթ.  Տուշպա Վանի տիրակալ է դառնում Սարդուրի I-ի որդի Իշպուինի արքան։ Նրա օրոք շարունակվում են դեռևս հոր օրոք սկսված բարեփոխումները։Այս բարեփոխումները բաժանվում են երկու փուլի։ Առաջին փուլը, որտեղ կատարվում են գրային բարեփոխումներ, համահեղինակ է Իշպուինին։  Ահա երկրորդ փուլում համահեղինակ է հանդես գալիս նաև նրա որդի Մենուան։ Վերջին շրջանում ստեղծվում է միասնական դիցարանը(պանթեոն)։ Հենց սրանով է պայմանավորված այն փաստը, որ դիցարանի արձանագրումը <<Խալդյան դարպասի>> վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կկոչի <<Մհերի դուռ>>, կատարվել է երկուսի անունով։ Դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրի աստվածները։ Ընդհանրապես Վանի թագավորությանն կրոնն ուսումնասիրելու համար կան երկու աղբյուրներ՝սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները։ Սեպագիր արձանագրությունների հաղորդած տեղեկությունները սահմանափակ են․ դրանցում հայտնվում են աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին, և թվարկվում են զոհաբերությունները(ցուլեր,ոչխարներ,կովեր,այծեր,գինի,զինամթերք և այլն)։ Ցավոք սրտի բուն կրոնական բնույթի այնպիսի տեքստեր, ինչպիսիք են առասպելները, աղոթքները, մոգական հմայությունները, հայտնի չեն։                                                       Դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի աստվածը։ Նա գերիշխող դիրք ուներ դիցարանում և համարվում էր Երկրի ու թագավորի հովանավոր աստված։ Հնդեվրոպացիների մոտ շատ է պատահում եռաստվածային համակարգ՝ Գերագույն Եռյակ։ Ուրարտուն այստեղ բացառություն չէ։ Խալդիի հետ միասին դիցարանի կենտրոնական առանցքն են կազմում մյուս երկու աստվածները ևս՝Թեյշեբան և Շիվինին։ Ընդհանրապես Խալդին նաև համարվում էր ռազմի աստված և պատկերվում էր ռազմիկի կերպարանքով։ Նա օրհնում էր թագավորին արշավանքի մեկնելիս և օգնում նրան հաղթելու թշնամուն։ Վանի թագավորության արքաներից յուրաքանչյուրի արշավանքը սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթում էր Գերագույն Եռյակին։ Հաղթանակից հետո բանակը վերադառնում էր Տուշպա։ Այստեղ արքան Խալդիի տաճարում(նրան ձոնած կոթող կամ որմնախորշի առջև) հաշվետվություն էր ներկայացնում վերջինիս։ Արքայի խոսքն արձանագրվում էր քարի վրա։  Ընդհանրապես ուրարտական շրջանի որմնանկարներում ու քանդակներում Խալդին պատկերվել է նաև առյուծի մեջքի վրա։ Ամենաշատ զոհերը՝17 եզ, 34 ոչխար, 6 ուլ, մատուցվել և ամենաշատ տաճարները նվիրված են եղել հենց այս աստծուն։ Գլխավոր տաճարը գտնվել է Արդինի Մուսասիրում։ Տաճարներում դրված էին Խալդիի և նրա կնոջ՝Արուբանի Բագմաշտուի, ինչպես նաև ուրարտական թագավորների անդրիները։ Ինչպես նշեցի, կրոնական շատ զրույցներ չեն պահպանվել, սակայն որոշակի ծեսերի մասին տեղեկություններ պահպանվել են։ Մհերի դուռը մեր լուռ վկան է և պատմիչը։ Այստեղ հիշատակված են տարվա ընթացքում կատարվելիք երեք տոնակատարությունները՝կապված այգեգործական աշխատանքների համապատասխան փուլերի  հետ։ Առաջին տոնն անցկացվում է խաղողուտի էտումից հետո։ Խաղողի որթի էտումը Հայաստանում սկսվում է մարտ ամսի վերջին տասնօրյակին և ավարտվում՝ապրիլ ամսվա առաջին կեսին։ Այս ժամանակ Հայաստանում նշվում էր Բարեկենդանի տոնը(մարտ, 1-2 շաբաթ, Նոր տարվա գալուստ)։ «Արևի (Շիվինի) ամսին» էր կարգադրվում զոհեր մատուցել պետության բոլոր աստվածություններին ու սրբություններին։ Այս ամիսը համապատասխանել է մարտին(Արեգ ամիս)։ Ուրարտացիները հավատում էին, որ մարդու մահվանից հետո նրա հոգին շարունակում է գոյատևել՝ տեղափոխվելով մի աշխարհքից մյուսը։ Այդ մասին է վկայում «հոգիներ տեղափոխող աստծո» գոյությունը պետական դիցարանում։ Ուրարտուում կար ժայռափոր դամբարաններում մահացածին թաղելու սովորույթը։ Նման գերեզմաններում, որոնք կազմված էին լինում մի քանի սրահներից, դրվել են արքաների ու ազնվականների աճյունները՝իրենց հագուստով, զենքով, զարդերով ու կատարած զոհաբերություններով։ Ժայռափոր դամբարանների նմուշ է Վանա ժայռին փորված կառույցները։                                      Կնիքների վրա կան կենաց ծառի պաշտամունքի հետ կապված արարողություննեը պատկերող փորագրույթյուններ։ Այս արարողակարգերին մասնակցել է նաև արքան՝ սուրբ կենդանու՝առյուծի ուղեկցությամբ։                                                                                                                            Վանի թագավորության սեպագրի լեզվի(«ուրարտերենի» «բիայներենի») ուսումնասիրության հիմնական նյութ են ծառայում տեղական արձանագրությունները։ Լրացուցիչ տեղեկություններ կարող ենք ստանալ ասորեստանյան աղբյուրներից։ Վանի թագավորության շրջանից պահպանվել են ավելի քան 1000 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարերի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ Վառ նմուշ կարող է լինել Էրեբունի թանգարանում պահպանվող Էրեբունի ամրոցի վկայականը։ Գիրը նպաստեց գիտելիքի տարածմանը։ Հատկապես շինարվեստում կիրառվող բարդ ու ճշգրիտ հաշվարկներն ու չափումները խթանեցին ամրոցների, բերդերի, ջրանցքների, քաղաքների կառուցմանը։ Հատկանշելի է  Իշպուինիի որդի Մենուայի կառուցած 72 կմ երկարությամբ «Մենուայի ջրանցքը», որն օգտագործվում է ցայսօր։  Վերջնիս Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան կողմերը նվաճելուց հետո հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝Մենուախինիլին։ Վանի թագավորության վերջին հստակ թվագրվող արքան Սադուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է Ք․ա․ 643թ․։  Վանի թագավորությունն ասպարեզից հեռանում է Ք․ա․VII դ․ վերջին։



Քսաներորդ դարի կեսերին անսովոր աստղ նկատվեց Canes Venatici համաստեղությունում(անվանումը` Canes Venatici, գալիս է լատիներեն որսորդական շուն անվանումից): Տարիներ անց աստղագետները որոշեցին, որ այս օբյեկտը`ստացած AM Canum Venaticorum անվանումը(AM CVn), իրականում երկու աստղեր են: Այս աստղերն իրար շուրջ պտտվում են յուրաքանչյուր 18 րոպեն մեկ և առաջացնում են գրավիտացիոն ալիքներ, որոնք շարժվում են տիեզարական ժամանակում` կանխատեսված Էնշտեյնի կողմից: AMCVn-ը ներկայացնում է օբյեկտների նոր դաս, որտեղ սպիտակ թզուկ աստղը ձգում է գոյացություն մեկ այլ, շատ կոմպակտ աստղ-ուղեկցից, ինչպես երկրորդ սպիտակ թզուկն է: (Սպիտակ թզուկներն իրենցից ներկայացնում են  մեծ խտությամբ արևանման աստղերի  մնացորդներ, որոնց էներգիան սպառվել է և փլուզվելով դարձել են երկրի չափ): AMCVn համակարգի աստղային զույգի ուղեծրերը միմյանց նկատմամբ չափազանց արագ են, այնպես, որ ուղեկցի շուրջը պտտվում են մեկ ժամում, սակայն լինում են դեպքեր, երբ այդ թիվը հավասարվաում է հինգ րոպեի: Տեղեկացնելու համար ասենք, որ ամենաարագ ուղեծրով  մոլորակը մեր աստղային համակարգում Մերկուրին է, որն Արեգակի շուրջ պտտվում է 88 օրում:                                                                                                                                 Չնայած նրան, որ AMCVn համակարգը մեծ ծանոթ է գրեթե  50 տարի, այնուամենայնիվ հարցը դեռ պարզված չէ. որտեղի՞ց են գալիս դրանք: Արդի ռենտգենյան և օպտիկական դիտարկումները սկսել են պատասխանել, որ առաջին կրկնակի աստղային համակարգի բացահայտմամբ, աստղագետները կարծում են, որ դրանք կզարգանան  AMCVn համակարգի ներսում:  Զույգ համակարգերից երկուսը(հայտնի իրենց կրծատված ամվանումներով` J0751 և J1741) հետազոտվել են ռենտգենային ճառագայթներով ՆԱՍԱ-ի Չանդրա ռենտգենյան կենտրոնի կողմից և ESA-ի XMM-Newton աստղադիտակով: Օպտիկական ալիքներով դիտարկումները կատարվել են  McDonald դիտարանի 2.1մետրանոց աստղադիտակով Տեխասում և Նոր Զելանդիայի Mt. John 1 մետրանոց աստղադիտակով:                                          Նկարչի պատկերումը ցույց է տալիս, թե ինչի են նման այդ համակարգերը հիմա և ինչպիսին կարող են լինել ապագայում: Վերևի հատվածը ցույց է տալիս երկուական համակարգի ներկայիս վիճակը: Այս համակարգը պարունակում է արևի զանգվածի 1/5 մասով մի սպիտակ թզուկ աստղ(աջից), իսկ մյուսն համեմատաբար ավելի ծանր է և հինգ անգամ  ավելի կոմպակտ սպիտակ թզուկին(արևանման աստղերին ոչ նման. ծանր սպիտակ թզուկները փոքր են լինում):                                                                                                                                             Քանի որ երկու սպիտակ թզուկների ուղեծրերը պտտվում են իրար շուրջ, գրավիտացիոն ալիքները (Էնշտեյն) կհանգեցնեն նրան, որ  դրանք կդառնան ավելի ամուր: Վերջիվերջո ավելի ծանր, փոքր սպիտակ թզուկը կսկսի ձգել գոյացություններն ավելի երկար ու լուսավոր մեկից, որը ցույց է տրված AMCVn համակարգի  պատկերման միջին հատվածում: Այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև զանգվածային աստղը կուտակում է բազմաքանակ  տարբեր գոյացություններ, որն էլ կարող է հանգեցնել ջերմամիջուկային պայթյունի`մոտավորապես 100 մլն տարի հետո:

Հավանական տեսություններից մեկը կայանում է նրանում,որ ջերմամիջուկային պայթյունը կարող է ոչնչացնել ամբողջական սպիտակ թզուկին, սա գիտկնականներն անվանում են Type Ia supernova(Սա նրանք անվանում են,ցույց տալու համար այն ամբողջ հեռավորությունը, որի համար օգտագործում են այսպես կոչված ստանդարտ մոմեր) Այնուամենայնիվ ավելի հավանական է, որ պայթյունը միայն սպիեր կթողի մակերևույթին, ու ոչինչ չի պատահի մեր սպիտակ թզուկի հետ: Image



Նոյեմբերի երեք. ոմանց համար հասարակ օր, ոմանց համար պարզապես կիրակի կամ գուցե ծննդյան օր, իսկ ահա Ավետիք Գրիգորյանի և իր սաների ու ընկերների համար յուրահատուկ օր: Յուրահատուկ է, քանզի այս օրը լրացավ ԱՅԱՍ-ի 25-ամյակը: Պատկերացնում եք` արդեն քառորդ դար է, ինչ ԱՅԱՍ-ը կրթում է խելացի,տրամաբանող, աշխատող սերունդ: Այս սերնդի ներկայացուցիչները մեր գանձերն են, փոքրիկ Հայաստանի ՄԵԾ ՄԱՐԴԻԿ: Նրանք գիտնականներ են, ֆիզիկոսներ,մաթեմատիկոսներ, ինժեներներ, նաև արվեստագետներ կամ գուցե բանկի աշխատակիցներ, այնուամենայնիվ նրանք Տիեզերքի ոսկե սերունդն են, Ավետիք Գրիգորյանի պարծանքը, քանզի այս մարդուն իր ընկերների օգնությամբ և աջակցությամբ հաջողվեց ստեղծել մի այնպիսի ակումբ-կազմակերպություն, որն արդեն քառորդ դար է գոյատևում է և դեռ պիտի գոյատևի բազում սերունդներ: Երևանի հայ-սլավոնական համալսարում հայտնվել էին կամ հոգով սրտով այլ երկրներից միացել էին բազմաթիվ տաղանդաշատ երիտասարդներ և արդեն հասուն մարդիկ, ովքեր իրենց գործունեության արդյունքում արժանացել են բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների: Այժմ նրանց ներկայացնելու պահն էլ է եկել. նրանք ստանում են պատվոգրեր, մրցանակներ: Իսկ Ավետիք Գրիգորյանն էլ ատանում է ոսկե հուշամեդալ իր ծավալած գործունեության համար: Բոլորը բեմ են բարձրանում, բոլորն ուրախ են, չէ որ սա մի հասարակ թղթի կտոր չէ, այլ` պատվոգիր, որը պարզապես պատրաստված է հասարակ թղթից: Այս պատվոգրին արժանացավ նաև <<Տիեզերք>> ակումբի ղեկավար Լևոն Արամյանը, ով նույնպես ոսկե սերնդի ներկայացուցիչ է: Իսկ մենք` նոր ծիլերն այդ մեծ համակարգի, ևս հայտնվեցինք բեմում, քանզի սերունդը չի մեռնում,այլ շարունակում է աճել: Միայն մի բան է, որ և’ ցավով եմ նշում, և’ ուրախությամբ.  Շատերը մեզ հետ չէին, նրանք հեռվում էին, որտեղ էլ ավելի արժանվույն ու բարձր են գնահատվում…ImageImage



{September 19, 2013}   Չհուսոք

Image

 

Աշնանային տոն  Չհուսոքը Կորեայի երեք գլխավոր տոներից մեկն է: Նշվում է 8-րդ լուսնային ամսի 15-րդ օրը, այդ պատճառով ամեն տարի այդ ամսաթիվը փոփոխվում է: Այս տարի Չհուսոքը նշում են սեպտեմբերի 18-ից 20-ը:
Չհուսոքն առաջացել է «աշնանային երեկո» բառից: Ունի նաև այլ  անվանումներ Չունչուխժոլ`«տոն անշնան կեսին», Հանգավի` «կես»: Հարավային Կորեայում այդ օրը, ինչպես նաև դրան հաջորդող երկու օրերը համարվում են ոչ աշխատանքային: Գրեթե բոլոր խանութները փակվում են և արարողության համար անհրաժեշտ պարագաները հիմնականում պետք է ձեռք բերել նախօրոք: Կորեացիների մեծամասնությունը հագնում է Հանբոկ*, անգամ հաղորդավարները և վաճառողները: Այս տոնը կորեական երախտագիտության տոնն է՝ առատ բերքահավաքի համար: Հնում այն ավելի մեծ շուքով էին նշում, քանի որ կորեացիներից շատերն էին զբաղվում գյուղատնտեսությամբ: Գյուղացիները երկրպագում էին իրենց նախնիներին` շնորհակալություն հայտնելով բերքի և հաջողության համար: Այժմ տոնի հենց առաջին օրը կատարում են նախնիների հոգիներին զոհի մատուցման ծես, որը կոչվում է Չհարյե: Ծեսը տեղի է ունենում առավոտյան, արական սեռի տարիքով ամենամեծ ազգականի տանը: Այն կոչված է մեռած նախնիների հոգիներին վերադարձնելու այն բարիքները, որոնք ստացվել են նախնիներից՝ տարվա ընթացքում: Ավանդույթի համաձայն՝ զոհաբերության ծեսից հետո, մարդիկ այցելում են հարազատների գերեզմաններ: Չհուսոքի ընթացքում կորեացիները մեկնում են հայրենի վայրեր՝ հարազատներին տեսակցելու: Սակայն ժամանակակից Կորեայում ավելի ու ավելի հաճախ մարդիկ նախընտրում եմ իրենց հանգիստն անցկացնել արտասահմանում: Ինչպես բոլոր ազգային տոները, Չհուսոքը ևս ունի իրեն բնորոշ  կերակրատեսակները, որոնցից ամենահայտնին Սոնփհյոնն է`  լցոնված բրնձե հացիկներ: Մատուցվում են գինու տարբեր տեսակներ: Շատ կարևոր են նաև նվերները: Ընդունված է նվիրել ուտելիք կամ մարմնի և դեմքի խնամքի միջոցներ: Երեխաներին մեծերը նվիրում են գումար՝ մանր ծախսերի համար: Ե’վերեխաները, և ՛ մեծերը, Չհուսոքի ժամանակ խաղում են կորեական ավանդական խաղեր, երգում, պարում ուրախանում: Նաև անցկացվում են ավանդական ծանրամարտի առաջնություններ: Հիմնականում մասնակցում են գյուղի ամենաուժեղ տղամարդիկ և մրցում են` խորամանկությունը և ուժը ցույց տալով: Այնուամենայնիվ սա ընկերական է: Երիտասարդ աղջիկները կազմում են շրջան և պարում են, երգում: Այս շուրջպարն անվանում են «Կանգանսուլե»: Համաձայն լեգենդներից մեկի` Լի գերդաստանի կառավարման ժամանակաշրջանում(1392-1910), երբ թշնամիները ցանկանում էին հարձակվել Կորեայի վրա, բոլոր կանայք` հագած ռազմական հագուստներ, բարձրանում են լեռները և շուրջպար կազմում, երգում,ուրախանում: Արդյունքում թշնամին կեղծ տպավորություն է ստանում Կորեայի կարգավիճակի և ռազմական ուժի մասին, և հենց այդ խորամանկությունն էլ հաջողություն  է բերում կորեացիներին: «Կանգանսուլե»-ն կորեացիների պարծանքներից է:

Հանբոկ-Կորեական ազգային հագուստ

 



{September 11, 2013}   Մուշ

 

Մուշ քաղաքը գտնվել է Բիթլիսի նահանգի Մուշի գավառում: Աշխարհագրական տեսանկյունից այն գտնվում է համանուն դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրանակատար ոչ բարձր լեռների փեշերին, թեք սարալանջի վրա։ Նրա հեռավորությունը Արածանիից (Արևելյան Եփրատ) մոտ 20 – 25 կմ է։ Մուշից երևում է Մշո դաշտի «փարոսը»՝ Նեմրութը, Հայկական լեռնաշխարհի գեղեցկագույն լեռնագագաթներից մեկը։ ։ Մուշի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի օժանդակներից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Այդ գետակը աշխատեցնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում շրջակայքի ցանքատարածությունները։ Ընդհանուր առմամբ քաղաքը ջրառատ է։ Եվ մասամբ այդ է պատճառը, որ նրա շրջակայքի լեռնալանջերն ու քաղաքին հարող դաշտերը ամբողջապես թաղված են եղել ծառաստանների, մրգատու և խաղողի այգիների մեջ, որոնցից այն կողմ բերրի դաշտերի ցանքատարածություններն էին ու ծխախոտի պլանտացիաները, որոնցով այնքան հայտնի էր Մշո դաշտը։ Գրեթե առանց բացառության բոլոր այգիներում տեղադրված էին մեղվափեթակներ և ունեին իրենց հնձանները։ Մուշ անվան ծագումը գալիս է դեռևս հին ժամանակներից: Մի փոքր դժվար է գտնել Մուշ բառի բուն ստուգաբանությունը, այդ իսկ պատճառով՝Ժողովուրդն իր ձևով փորձել է իմաստավորել, բացատրել անվան առաջացումը:  Ոմանք այն կապում են հնագույն Հայաստանի ցեղերի ու տեղանունների հետ (Մուշունի, Մուշկ ևն), ոմանք հայերեն «մշուշ» – ի հետ, որով սովորաբար առավոտյան պատվում է ողջ Մուշի դաշտը։ ։ Ժողովուրդը նույնիսկ փորձել է բացատրել նաև այդ մշուշի առաջացումը։ Ըստ ավանդության, իբր մշուշը արարում էր սիրո աստվածուհին՝ Աստղիկը, Արածանիում լողանալու ժամանակ՝ երկրի տարբեր մասերից նրա մոտ սեր հայցելու եկած երիտասարդներից իր մերկությունը շղարշապատելու համար։ Թուրք հեղինակ Քյաթիբ Չելեբին Մուշը թարգմանել է «բուք» իմաստով: Սրանցից զատ կան նաև մի շարք այլ տարբերակներ. ինչպիսիք են կապումը հայերեն <<մաշվել>> բայի հետ, թուրքական «մեշե»՝անտառ բառից ծագած, մատնացույց անելով այն հանգամանքը, որ քաղաքի շուրջը կաղնիների ծառերը անտառ-պուրակ են կազմում։ Այնուամենյնիվ չկա գիտականորեն ստույգ բացատրություն: Պարզապես ավելի հավանակն է այն, Մուշ քաղաքի (և Մշո դաշտի ու գետի) անունը առաջացած պետք է լինի հնագույն ժամանակներում Հայաստանի սահմաններում բնակություն հաստատած ցեղերից մեկի՝ մուշկ, մոսոխ կամ մոսխերի անունից, որոնց հետ է կապված նաև Մեծ Հայքի «աշխարհներից» մեկի՝ Մոկքի և համանուն նախարարական տան անունները։ Մուշն իր երկարաձիգ պատմության ընթացքում հիշատակվում է իբրև տարբեր կարգի բնակավայր՝ երբեմն բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Սակայն IX-X դարերից այն արդեն մեր մատենագիրների մոտ ամենուրեք հիշատակվում է իբրև քաղաք։ Մուշն ականատես է եղել քաղաքական շատ դեպքերի, ազատագրական բուռն շարժումների, երբեմն լինելով ուղղակի նրանց կիզակետում։ Ըստ մեզ հասած աղբյուրների, Մուշ քաղաքը Տարոն գավառի արևելյան մեծ մասի հետ միասին նախ պատկանում էր Սլկունիներին, ապա անցել է Մամիկոնյանների այն ճյուղին, որը կատարում էր սպարապետության պաշտոնը՝ աթոռանիստ ունենալով նույն գավառում գտնվող Ողական ամրոցը։ Սակայն Մուշի պատմությունը սկսվում է ավելի վաղ։ Այստեղ հայտնաբերված է ուրարտական Մենուա թագավորի (810—778 թթ. մ. թ. ա.) սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի շրջակայքում նկատվում են կիկլոպյան ամրոցների հետքեր։ Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Մուշն առանձնապես կարևոր դեր է խաղացել 849—854 թթ.ժողովրդական ազատագրական պատերազմի ժամանակ։ Հայաստանում բռնկված ապստամբությունն արյան մեջ խեղդելու համար արաբական մի ստվարաթիվ բանակ Յուսուֆ ոստիկանի հրամանատարությամբ, Հարավային Հայաստանն ավերելուց հետո` 851—852թթ.ձմռանը, դադար է առնում Մուշում, որպեսզի վաղ գարնանը շարունակի իր ասպատակությունները։ Արաբական ոստիկանը խաբեությամբ իր մոտ է կանչում Տարոնի տեր Բագարատ Բագրատունուն և կալանավորում։ Թվում է, թե ճակատագրից անհնար էր խուսափել, երկիրը պետք է ենթարկվեր Յուսուֆի նոր ավերումներին։ Սակայն դեպքերն այլ ընթացք են ստանում։ 852 թ. վաղ գարնանը Սասունի և Խութի ազատասեր ապստամբ բնակչությունը Դավթի ու Խութեցի Հովնանի գլխավորությամբ իջնում է դաշտ և հանկարծակի հարձակվելով արաբական բանակի վրա՝ ջախջախում է այն։ Սպանվում է նաև Յուսուֆր և Հայաստանը մի պահ ազատ շունչ է քաշում մինչև Բուղայի ավելի արյունալի ասպատակությունները։ Հայտնի է, որ սասունցիների ու խութեցիների այդ դյուցազնական կռիվը դարձել է «Սասնա ծռեր» հերոսավեպի կենտրոնական ճյուղի՝ «Սասունցի Դավթի» հիմնական սյուժեն: Թուրքական ծանր տիրապետության շրջանում (XVI—XIX դդ.) Մուշը ոչ մի հնարավորություն չուներ մեծ ու մարդաշատ քաղաք դառնալու։ Նա այդ ժամանակներում մնացել էր այնպիսին, ինչպիսին էր Յակուտի ժամանակներում։ Իսկ վերջինս Մուշի մասին հաղորդել է, որ «փոքր քաղաք է Խլաթի մարզերում, Հայաստանի հողի վրա»։ Մինչև 1915 թ Մուշը ուներ 12 մեծ ու փոքր թաղեր ՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Դաշ մահլա, Դուզ մահլաէ Խուրդենց թաղ, Ձորի թաղ, ս Մարինեի թաղ, Մինարա մահլա, Ջիգրաշենի թաղ, Սուֆրա մահլա, Ջերին թաղ, Քյոթան մահլա։ Քաղաքի կենտրոնում գտնվում Էր շուկան, որտեղ 19-րդ դ վերջերին հաշվվում էին շուրջ 800 մեծ ու փոքր խանութներ, կրպակներ և արհեստանոցներ, որոնցից 500-ը պատկանում էր հայերին։ Շուկան չուներ շատ թե քիչ կանոնավոր հատակագիծ, այն փաստորեն ներկայացնում էր խանութների ու կրպակների անկանոն դասավորված հավաքատեղի։ Քաղաքի ծուռումուռ, նեղ ու կեղտոտ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։ XIX դ. սկզբներին Մուշը ունեցել է ընդամենը 800—1000 տուն։ 1880—1914 թթ.քաղաքն ունեցել է մոտ 20000 բնակիչ, որից 11000-ը՝ թուրքեր ու քրդեր, իսկ 9000-ը՝ հայեր: Տեղում աշխատանքի սակավության պատճառով իրենց օրվա հացը վաստակելու համար Մուշից պանդխտության են գնացել հազարավոր մարդիկ։ Աղբյուրները հաղորդում են, որ Մուշի գավառից միայն 1877 թ. պանդխտության են գնացել 17000 մարդ։ Նրանք գնում էին Կ. Պոլիս, Ռուսաստանի զանազան քաղաքներ, եվրոպական և ամերիկյան երկրներ։ Հայերը հողագործությունից, ծխախոտագործությունից և այգեգործությունից բացի զբաղվում էին նաև առևտրով ու արհեստագործությամբ։ Արհեստներից տարածված էին խեցեգործությունը, կոշկակարությունը, դերձակությունը, ոսկերչությունը, դարբնությունը, ներկարարությունը, գորգագործությունը։ Մուշի արհեստավորների արտադրանքը, մրգերը, գինին, ծխախոտը, գյուղատնտեսական մյուս մթերքները վաճառքի էին տարվում նաև հարևան գավառները։ Քաղաքի շատ թե քիչ աչքի ընկնող շինություններն էին քարաշեն բաղնիքը, 2 իջևանատները, գավառի թուրք կառավարչի, անճաշակ ու անճոռնի առանձնատունը , մուսուլմանական 2 մզկիթները (մեկը նախկինում հայկական եկեղեցի էր) և հայկական Ս. Ավետարանոց, Ս.Գրիգոր Լուսավորիչ, Ս. Կիրակոս, Ս. Հարություն, Ս.Մարինե , Ս. Սարգիս, Ս. Ստեփանոս, Ս. Փրկիչ եկեղեցիները, որոնց մեծ մասը կանգուն էին և գործում էին մինչև 1915 թ։ Այս եկեղեցիներից ամենից շքեղն ու գեղեցիկը Ս. Մարինեն էր, իսկ ամենահինը՝ Ս. Փրկիչը, որը հիշատակվում է 851 – 852թթ դեպքերի առնչությամբ։ Մուշից 10 կիլոմետր հարավ-արևելք է գտնվել Մշո Սուրբ Առաքելոց վանքը (այժմ ավերակ վիճակում)։Քաղաքի արևելյան կողմում, բարձունքի վրա գտնվում էր Մուշի բերդը, իսկ նրանից ոչ հեռու՝ Միացյալ ընկերության կենտրոնական վարժարանի կամ սրբոց Թարգմանչաց դպրոցի հոյակապ շենքը, որը կառուցել էր մշեցի Մկրտիչ աղա Տեր-Հովհաննիսյանը 1850 թ։ Բավական մեծ թիվ են կազմում Մուշում ծնված հայ հասարակական գործիչները, գիտության և արվեստի աշխարհի երախտավորները։ Այստեղ է ծնվել նաև հայ երգարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Արմենակ Շահմուրադյանը (1878—1939), որին սովորաբար կոչել են «Տարոնի սոխակ»։

 

 

 

 

 

 

 

 

 



{September 5, 2013}   Դեյվիդ Կոպպերֆիլդ

Ի՞նչ եք պատկերացնում, երբ լսում եք Դեյվիդ Կոպպերֆիլդի մասին: Ոմանք միանգամից պատկերացնում են աճպարար, հանրահայտ Կոպպերֆիլդին: Սակայն աճպարար Կոպպերֆիլդից տարիներ առաջ ծնվել է մեկ այլ Կոպպերֆիլդ: Ո՞վ էր նա և որտեղի՞ց էր սերում: Սերում էր Կոպպերֆիլդների ընտանիքից: Հայրը մահացավ, երբ լույս աշխարհ դեռ չէր եկել: Դեպքից վեց ամիս անց ծնվեց նա՝Դեյվիդ Կոպպերֆիլդ կրտսերը: Ի՞սկ ով էր նա: Երիտասարդ, ով ապրեց փորձություններով լի կյանք, տեսավ շատ դժվարություններ և կորուստներ, սիրահարվեց, տանջվեց, հիասթափվեց, հաղթահարեց: Կերպարն իրականում ինձ մոտ առաջացնում է և՛ դրական, և՛ բացասական էմոցիաներ: Սակայն ամբողջությամբ դեռ չեմ բացահայտել ինձ համար: Երջանիկ են այն մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել արդարությամբ և արդարության համար: Նա էլ էր այդ երջանիկներից: Միևնույն ժամանակ ինքն էլ ոչ պակաս տիրապետում էր խորամանկության, դերասանության արվեստին: Հենց այստեղ հատվում են երկու Դեյվիդները՝անկեղծ, արդար, միամիտ և խորամանկ, բորբոքվող ու հաշվենկատ: Երբ կարդում ես կյանքի մասին պատմող գլուխները, ստանում ես շատ հետաքրքիր պատասխաներ, և առաջ են գալիս նույնքան հետաքրքիր հարցեր: Նրա կյանքը ռեալ էր, ռեալ էր և ինքը: Բոլոր ապրումները, էմոցիաները, դրվագներն իրական էին, ապրող, շնչող: Շրջապատող մարդկանց մեջ կարող ենք տեսնել խորամանկ ու քծնող, միամիտ, խենթ ու խելառ, կատակասեր, լուրջ, դաժան, սառնասիրտ, բարի, հոգատար, սիրալիր, տաքարյուն, վախկոտ և շատ այլ մարդկանց: Եվ նույն կերպարներն ապրում են Դիքենսի ստեղծած աշխարհում: Դեյվիդն ինքն էլ հասարակ մահկանացու էր՝ իր թերություններով և առավելություններով: Նա էլ էր սխալվում, մտածում, զգում, հիասթափվում ու տանջվում: Ամուսնանալուց և կնոջ մահից հետո հասկացավ, որ իրական սերը դեռ ապրում է, ողջ է, իսկ մեռնողը պարզապես ընկեր էր, հրապուրանք: Պայքարելուց և համառելուց հետո՝ գտավ իր կոչումը, սերը, երջանկությունը: Նույնիսկ մահն այլև սարսափելի չէ: Հերոսներն արդեն ծերացել են, ծերանում է և ինքը…Բայց իր գրիչը դեռ գրում է ու կգրի…Չէ՞ որ նա Դեյվիդ Կոպպերֆիլդն է՝Անգլիայի որբ գրողը…                                                                                          Մեզ բազում Կոպպերֆիլդներ են անհրաժեշտ: Խոսքն իհարկե ծնողազուրկ որբուկների մասին չէ, այլ՝ կամքի ուժի տեր, հավատով, սպասումով, երազկոտ, պատվով և ազնիվ մարդկանց մասին է: Սակայն այդ մարդիկ էլ պետք է Դեյվիդի պես ունենան նաև խորամանկություն, համառություն:Դեյվիդին չեմ կարող անվանել ինձ պես ծայրահեղությունից ծայրահեղություն, այնուամենայնիվ ես և նա որոշ ընդհանրություններ ունենք: Հակասական բնավորությունն ինձ համար վատ չէ,ոչ էլ՝ լավ: Իրականում կատարյալ բնավորություն է: Գուցե ես էլ եմ հակասական բնավորություն ունեցողների <<ընտանիքից>>, սակայն երբ քո մեջ ապրում են բոլոր զգացմունքները, ավելի հեշտ է լինում: Ինքդ քեզ կարողանում ես խոստովանել, որ դու ես, դու և միայն դու: Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն ստաբիլ բնավորություն, ինձ համար ծիծաղելի են: Ինչու՞: Քանզի մարդուն տեսնել միևնույն,առանց էմոցիաների բազմազանության, հավասարազոր է պարզապես ոչնչի: Եթե կարդում ենք Դեյվիդի մտքերը, խոհերը, ապա կարող ենք նկատել, որ ինքն էլ էր գիտակցում, որ հակասական տիպար է:



et cetera